Ամենօրյա շահումներ` ՀԴՄ կտրոններով
Hdm.am-ն ակտիվացնում է պայքարը ստվերի դեմ
Պետությանն ընդառաջ կամ պետությանը զորավիգ: ՀՀ Հանրային խորհրդի ձեռնարկատիրական գործունեության եւ սպառողների հարցերի հանձնաժողովի անդամ, մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրամեխանիկ եւ նաեւ ստանդարտների ու սննդի անվտանգության մասնագետ Գագիկ Սարգսյանը չի բանաձեւել այս տարվա հուլիսից սկսած իր գործը, սակայն նրա մասնավոր նախաձեռնությունը պետության կողմից ստվերի դեմ տարվող պայքարի աշխատանքներում իր արդյունավետ ներդրումն ունի:
Արդեն երկու տարի է Հայաստանի կառավարությունը` ի դեմս պետական եկամուտների կոմիտեի, իրականացնում է «Շահող կտրոն» ծրագիրը: Հայաստանում առաջին անգամ 2009թ. ներդրվեց հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման նկատմամբ հանրային հսկողության խրախուսման մեխանիզմը: Այն ենթադրում է, որ խանութներից եւ առեւտրի իրականացման այլ վայրերից եւ օրենքով սահմանված հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառող ցանկացած այլ սուբյեկտներից ձեռք բերված կտրոններով կարելի է մասնակցել ամեն ամիս կազմակերպվող վիճակահանությանը եւ շահել 5 հազարից մինչեւ 5 մլն դրամ պարգեւավճարներ:
Բացի այդ, հաշվի առնելով շահումների փոքր հավանականությունը, գործում է նաեւ բոնուսների համակարգը, համաձայն որի` ամեն եռամսյակի վերջում վիճակահանության ժամանակ չշահած կտրոններով մեկ եռամսյակի ընթացքում 100 հազար դրամից ավելի, նվազագույնը 50 եւ առավելագույնը 100 կտրոններով կրկին կարելի է արժանանալ դրամական պարգեւավճարների` 2500 դրամից մինչեւ 200 հազար դրամի շրջանակներում:
Քաղաքացիների համար նախատեսված դրամական պարգեւների` պետության նախաձեռնությունը թեեւ սկզբնական շրջանում բավականին լայն արձագանք ունեցավ, պետք է խոստովանել, որ ժամանակի ընթացքում որոշակիորեն կորցրեց նախնական հետաքրքրությունը: Եթե ծրագրի սկզբում քաղաքացիների գերակշռող մասը պահանջում էր կտրոնները, ապա մեկ տարի անց ՀԴմ կտրոններ պահանջողների թիվը նվազել է:
Հենց այդ հանգամանքն էլ նկատի առնելով «Նոյ-Ֆիրմայի» նախագահ Գագիկ Սարգսյանը որոշեց իր սեփական միջոցներով կազմակերպել եւ իրականացնել ՀԴՄ կտրոնների վիճակահանության ինքնատիպ մի եղանակ, իր կողմից ստեղծված hdm.am կայքէջում: Ի տարբերություն ՊԵԿ-ի, նրա նախաձեռնությունն առավել օպերատիվ ձեւաչափ ունի, եւ խաղարկությունը տեղի է ունենում կայքէջ մուտքագրված կոնկրետ կտրոնների միջեւ: Նախ hdm.am կայքէջում մուտքագրվում է կտրոնի վրա նշված ութանիշ համարանիշը եւ ապա այդ օրվա ընթացքում կայքէջում գրանցված կտրոնների շրջանակում իրականացվում է վիճակահանություն եւ հաջորդ օրն իսկ տրամադրվում է շահած գումարը: Իհարկե, hdm.am-ի շահողների գումարները բավական խորհրդանշական են` առայժմ 1000-ական դրամ` անկախ գրանցված կտրոնի արժեքից, սակայն շահելու հնարավորությունն է բավական մեծ: Նշենք նաեւ, որ համակարգիչ չունեցողները նույնպես հնարավորություն ունեն մասնակցել «Երջանիկ կտրոն» խաղին` օրվա կտրոնների ութանիշ համարը հեռախոսով թելադրելով «Նոյ-Ֆիրմայի» օպերատորին: Ի տարբերություն պետական «Շահումով կտրոն»-ի, որտեղ հաղթելու համար պետք է համընկնեն կտրոնի վրայի նշված թվերը հեռուստաեթերում տարվող վիճակահանության ընթացքում հանվող թվերի հետ, այս դեպքում համակարգիչը կամայական ընտրություն է կատարում` ըստ կայքէջում կտրոնների գրանցման հերթականության: Եվ այսպես, օրական շահող 6 կտրոն:
Ինչպես նկատում է նախաձեռնության հեղինակը, սկզբնական շրջանում կար մտավախություն, որ անուղղակի մրցակցություն կարող է առաջանալ ՊԵԿ-ի հետ: Սակայն եղավ հակառակը, պետեկամուտների կոմիտեն ողջունեց Գ. Սարգսյանի նախաձեռնությունը եւ ավելին` հանրության ուշադրությունը հրավիրեց ՀԴՄ կտրոնների վիճակահանության այս ձեւաչափի վրա, որից հետո արձանագրվեց կայքի այցելուների եւ գրանցված կտրոնների դինամիկ աճ: Կարելի է ասել, որ ՀԴՄ կտրոնների նկատմամբ պետական եւ մասնավոր այս երկու մոտեցումները լրացնում են մեկը մյուսին:
Այսօր արդեն կայքէջում օրական մինչեւ 2000 կտրոն է գրանցվում` հուլիսի 300-ի դիմաց: Անցած չորս ամիսների ընթացքում hdm.am վիճակահանությամբ 504 կտրոն է շահել, իսկ գրանցվել է, ընդհանուր առմամբ, շուրջ 100 հազար կտրոն: Բացի այդ, ինչպես վկայում են կայքերի վարկանիշային ցուցանիշները, hdm.am-ը լրջորեն բարելավում է իր դիրքերը վարկանիշային աղյուսակում: Այսպես, գործունեության չորս ամիսների ընթացքում կտրուկ ավելացել է նաեւ կայքէջ այցելողների թիվը: Այս ժամանակահատվածում hdm.am-ը շրջանառվել է ավելի քան 300 հազար անգամ:
Նշենք, որ Գ. Սարգսյանը շահումները վճարում է բացարձակապես սեփական գրպանից: Սակայն իր նախաձեռնությունն ի սկզբանե դիտարկում է որպես բիզնես նախագիծ, որը գովազդատուներ կներգրավի եւ ի հաշիվ այդ միջոցների` նաեւ շահույթ կապահովի «Նոյ-Ֆիրմայի» համար: Եկամուտների աճի հետ էլ կավելանան ինչպես շահող կտրոնների, այնպես էլ` շահումների չափերը:
Ի դեպ, ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն օգոստոսի 27-ին ՊԵԿ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ արդեն իսկ հայտարարել է, որ hdm.am-ի գործարկմամբ վերականգնվել է հանրության լայն շրջանակների հետաքրքրությունը եւ շահագրգռվածությունը գնումներ կատարելիս համապատասխան ՀԴՄ կտորններ պահանջելու եւ ունենալու նկատմամբ եւ որ ՊԵԿ-ը շահագրգռված է աջակցելու կայքում գործող մեխանիզմներին:
Ավելացնենք, որ կայքէջի գրասենյակ մեր այցի ընթացքում երեք շահողներ ստացան իրենց շահումները` 1000 ական դրամները:
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ
HDM.am կայք մինչ օրս այցելել է 68 հազար մարդ
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010թ-ի հուլիսի 18-ից գործարկված HDM.am սոցիալական կայք մինչ օրս այցելել է 68 հազար մարդ, որի արդյունքում գրանցված 103 հազար կտրոններից շահել է 519-ը` հազարական դրամի չափով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կայքի նախաձեռնող ինժեներ, «Նոյ-Ֆիրմա» ընկերության նախագահ Գագիկ Սարգսյանը, HDM.am կայքն այս կարճ ժամանակահատվածում արդեն արժանացել է ազգաբնակչության ուշադրությանն ու վստահությանը:
Կայքի գործարկման առաջին շաբաթվա ընթացքում այցելուների թիվը 350 էր, գրանցվել է միջին հաշվով օրական 80 ՀԴՄ կտրոն, ներկայումս` 1002-1005 այցելուի կողմից գրանցվում է օրական 2000 կտրոն: Գ. Սարգսյանի խոսքով` մտածել են նաեւ այն մարդկանց մասին, որոնք համակարգչից չեն կարողանում օգտվել: «56 39 02» համարով զանգահարելով` կարելի է համապատասխան աշխատակցին թելադրել սեփական ՀԴՄ կտրոնի ութանիշ թիվը, որն էլ այն գրանցելով համակարգչում` հնարավորություն կտա մասնակցելու խաղարկությանը:
«Այս սոցիալական նախաձեռնության նպատակը ոչ միայն հանրությանը օգտակար լինելն է, այլեւ գովազդների միջոցով շահույթ ստանալը»,-ասաց նա: Ըստ Գ. Սարգսյանի` կայքի կայացման եւ զարգացման արդյունքում այն կդառնա գովազդային տիրույթ, եւ գովազդատուների հայտնվելու դեպքում կստացվի նաեւ շահույթ: «Եթե սոցիալական բնույթ հետապնդելով հետագայում կարող ենք շահույթ ստանալ, դրանում ոչ մի վատ բան չկա»,- ասաց կայքի նախաձեռնողը:
Նշենք, որ խաղին մասնակցելու համար անհրաժեշտ է գնում կատարելու նույն օրն իսկ ՀԴՄ կտրոնի ութանիշ թիվը մուտքագրել կայքում: Հաջորդ օրը` առավոտյան, մուտքագրած ՀԴՄ կտրոններից պատահականության սկզբունքով համակարգիչը կընտրի վեցը, որոնք ներկայացնողները կստանան 1000 դրամ: Կտրոնները նույն պահին հետ են վերադարձվում:
Թուրքիայում վեր բարձրացավ հայոց եռագույնը և հնչեց Հայաստանի ազգային օրհներգը
Անթալիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում,հայ ծանրորդ ` Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը 77 կգ քաշային կարգում նվաճեց չեմպիոնի տիտղոսը` երկամարտում հավաքելով 373կգ: Թուրքիայում բարձրացավ հայոց եռագույնը եւ հնչեց Հայաստանի ազգային օրհներգը:
Նոյ Ֆիրմայի աշխատակազմը շնորհավորում է հայ դյուցազնին ` մաղթում նորանոր հաղթանակներ ի փառս Հայաստան աշխարհի:
23.09.2010
HDM.am կայք մինչ օրս այցելել է 10 հազարից ավելի անձ
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010թ-ի հուլիսի 18-ից գործարկված HDM.am կայք մինչ օրս այցելել է 10 հազարից ավելի մարդ, որի արդյունքում գրանցված 12-13 հազար կտրոններից շահել է 130-ը` հազարական դրամով: Կայքի ստեղծման գաղափարը ինժեներ, «Նոյ-Ֆիրմա» ընկերության նախագահ Գագիկ Սարգսյանինն է, որն առանց պետական աջակցության կայքի միջոցով խաղարկություն է անցկացնում եւ արդյունքում շահած կտրոնների տերերին գումար հատկացնում:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում հրավիրված ասուլիսում կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ողջունեց այս մասնավոր նախաձեռնությունը եւ նշեց, որ ՀՀ ՊԵԿ-ը շահագրգռված է աջակցելու կայքում գործող մեխանիզմներին, ինչպես նաեւ քայլեր կձեռնարկի այդ համակարգն էլ ավելի կատարելագործելու համար: Հայաստանում շուրջ երկու տարի է, ինչ գործում է հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնների վիճակահանություն, որի ժամանակ կիրառվել է նաեւ բոնուսների տրամադրման համակարգ: «Տարբեր ժամանակահատվածներում այս երկու մեխանիզմներն ունեցել են տարբեր արդյունավետություն: Սրանք, ընդհանուր
առմամբ, հնարավորություն են տվել ակտիվացնելու հասարակության տարբեր խավերի ազդեցությունը այս գործընթացում: Արդյունքում` մեծացել են հսկիչ դրամարկղային մեքենաներով ներկայացվող շրջանառությունները, որի հետեւանքով մեծացել է նաեւ հարկերի ծավալը: Սկզբնական շրջանում այս նախաձեռնությունը հասարակության մեջ մեծ խանդավառությամբ ընդունվեց, սակայն ժամանակի ընթացքում այն թարմացնելու, բարելավելու կարիք զգացվեց, որի արդյունքում մի շարք նորություններ մտցվեցին վիճակահանության կանոնների մեջ: ՀՀ կառավարությունն այժմ էլ այդ ուղղությամբ անելիքներ ունի, եւ մոտ ժամանակներս եւս գործող համակարգը կփորձենք կատարելագործել»,- ասաց Ա. Ալավերդյանը` գոհունակությամբ նշելով այն փաստը, որ մասնավոր հատվածը նույնպես անմասն չի մնում եւ հանդես է գալիս հետաքրքիր առաջարկություններով: «Այդ առաջարկների մեջ անակնկալ էր ՀՀ քաղաքացի Գագիկ Սարգսյանի նախաձեռնությունը: Մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ առանց պետական որեւիցե աջակցության, կայքը կարողացել է որոշակի մասսայականություն վայելել: Սա այն վկայություններից է, որ մեր ազգաբնակչությունը շահագրգռված է առանց շահույթ ստանալու նպատակի` աջակցել պետական մարմիններին ընդհանուր գործի համար»,- ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը:
Գ. Սարգսյանի խոսքով, կայքը այդ կարճ ժամանակահատվածում, իրոք, արժանացել է ազգաբնակչության ուշադրությանը: «Եթե առաջին շաբաթվա ընթացքում կայքի այցելուների թիվը կազմել է 350, ապա ներկայումս ամեն օր կայք են այցելում 500-600 մարդ: Առաջին շաբաթվա ընթացքում գրանցվում էր միջին հաշվով օրական 80 ՀԴՄ կտրոն, այժմ վերջիններիս թիվը օրվա ընթացքում 650-700 է»,- ասաց Գ. Սարգսյանը` նշելով, որ կտրոնը պետք է լինի խանութի այցեքարտը, եւ եթե վերջինս այն չի տրամադրում, նշանակում է` այնտեղ ստվերային` հետեւաբար անորակ ապրանք է վաճառվում: «ՀԴՄ կտրոն չվերցնելով` ոչ թե լավություն ենք անում, այլ նպաստում ենք ստվերային տնտեսության խորացմանը»,- ասաց Գ. Սարգսյանը: Նրա խոսքով, սոցիալական կայքի կայացման եւ զարգացման արդյունքում այն կդառնա գովազդային տիրույթ, եւ գովազդատուների հայտնվելու դեպքում կստացվի նաեւ շահույթ: «Եթե սոցիալական բնույթ հետապնդելով հետագայում կարող ենք շահույթ ստանալ, դրանում ոչ մի վատ բան չկա»,- ասաց կայքի նախաձեռնողը:
Նշենք, որ խաղին մասնակցելու համար անհրաժեշտ է գնում կատարելու նույն օրն իսկ ՀԴՄ կտրոնի ութանիշ թիվը մուտքագրել կայքում: Հաջորդ օրը` առավոտյան, մուտքագրած ՀԴՄ կտրոններից պատահականության սկզբունքով համակարգիչը կընտրի առնվազն երեքը, որոնց ներկայացնողները կստանան 1000-ական դրամ: Կտրոնները նույն պահին հետ են վերադարձվում:

Բաժին: Հասարակություն
Հասցե: http://www.armradio.am/arm/news/?part=soc&id=38994
Ամսաթիվ: 27.08.2010 15:10
ՊԵԿ-ը ողջունում է ՀԴՄ կտրոնների խաղարկության մասնավոր նախաձեռնությունը
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Պարզվում է` հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնների հետին մասում առկա ութանիշ թվերով կարելի է շահել ոչ միայն պետեկամուտների կոմիտեի կազմակերպած խաղարկության ժամանակ: Շահելու հնարավորություն է տալիս նաեւ www.hdm.am ինտերնետային կայք- էջը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը կարեւորել է մասնավոր այս նախաձեռնությունը ու նկատել, որ բնակչության` մի քանի ամիս ակտիվացած` ՀԴՄ կտրոն պահանջելու ցանկությունն այժմ կրկին բավականին նվազել է, քանի որ այս տարվանից պակասեցվել են կտրոնների որոշակի խմբաքանակի դիմաց տրվող գումարները:
ՊԵԿ- ում այսօր նոր մեխանիզմներ են քննարկում` ավելի շահագրգռելու քաղաքացիներին` պահանջել իրենց հասանելիք կտրոնը:
Արդեն 1 տարի 8 ամիս է` Պետական եկամուտների կոմիտեն հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնների հետին մասում առկա ութանիշ թվերով խաղարկություն է իրականացնում: Բացի այդ` բնակչությանը կտրոն պահանջելիս ավելի շահագրգռելու համար ներդրվել է նաեւ բոնուսների համակարգ: Սակայն քաղաքացիների` ՀԴՄ կտրոն պահանջելու անցյալ տարվա ակտիվ ցանկությունն այս տարի այլեւս նկատելի չէ: Սա խոստովանում են նաեւ հենց ոլորտի պատասխանատուները:
«Թերեւս դա հետեւանքն էր այն բանի, որ անցյալ տարի բոնուսները բավականին մեծ գումարներ էին` ամբողջ գումարի 3 տոկոսը: Այս տարվանից կառավարության որոշմամբ դա իջեցվեց 1 տոկոսի, ու մեր ազգաբնակչությունը մի տեսակ սառեց, ու որպես հետեւանք` խաղարկությամբ շահումներն էլ բավականին պակասեցին»,- նկատել է Արմեն Ալավերդյանը:
Պետեկամուտների կոմիտեում այդ պասիվացումը հաշվի առնելով` այժմ քննարկում են, թե ինչ նորամուծություններով է հնարավոր վերականգնել կտրոն պահանջելու ակտիվությունը: Նախ` շահող սկսեցին համարվել նաեւ այն կտրոնները, որոնց վրա համընկնում են ոչ թե 4, այլ արդեն 3 թվերը, ընդ որում` ինչպես առջեւից, այնպես էլ ետեւից: Արմեն Ալավերդյանն արդյունքը համարում է զգալի` շահողների թիվը մի քանի հարյուրից բարձրացել է մի քանի հազարի: Սակայն սա էլ դեռ ամենը չէ: Պետք է նորությունների սպասել:
«Մտածում ենք` գործող կարգը կատարելագործել: Օրինակ` մտածում ենք` յուրաքանչյուր 2- րդ թվի համընկնումը շահովի դարձնել: Բայց սա դեռ նախագիծ է, դեռ պետք է հաշվարկներ կատարենք»:
Հարկային մարմիններն այժմ մտածում են նաեւ մեխանիզմներ ներդնել, որպեսզի վերացվեն արհեստական խոչընդոտները ու քաղաքացին իրեն անհարմար չզգա կտրոն պահանջելիս: Մասնավորապես, ՀԴՄ- ները պետք է տեղադրվեն ոչ թե տնօրենի կամ առեւտրի կազմակերպիչի ցանկացած վայրում, այլ այնտեղ, որտեղ գումարի կանխիկ վճարումն է իրականացվում:
Ինչեւէ` վերադառնանք կտրոններով խաղարկությանը: Այսուհետ` ՀԴՄ կտրոնները կարող են լինել ոչ միայն շահող, այլեւ երջանիկ: Նոր` երջանիկ կտրոնների խաղարկությունն այս անգամ, սակայն, իրականացնում է ոչ թե պետեկամուտների կոմիտեն, այլ մասնավոր ոլորտում գործող Գագիկ Սարգսյանը:
«Երբ բնակիչը մտնում է խանութ ու չի ստանում ՀԴՄ կտրոնը, նշանակում է` նա չի վերցնում այդ խանութի այցեքարտը: Նշանակում է` այդտեղ կա ստվեր: Սակայն ստվերը դեռ չարիքի փոքրագույնն է: Ստվերը անորակն է, թաքունն է, ու սննդի համար դա այնքան վտանգավոր է: Կտրոնը չվերցնելով` մենք լավություն չենք անում, այստեղ շատ ավելի խորը երեւույթներ կան»,- ասել է նա:
Կտրոններով նոր խաղարկությունն իրականացվում է ամեն օր` www.hdm.am ինտերնետային կայք- էջի միջոցով: Քաղաքացին ամեն օրվա իր առեւտրի դիմաց ստացած կտրոնի ութանիշ թիվը գրանցում է նշված կայքում, ապա համակարգիչը պատահականության սկզբունքով ընտրում է` թե ում գրանցած թվերն են շահում: Օրական այդպես տրամադրվում է 1000- ական դրամի 3 շահում:
«Այսինքն` շահում չլինել չի կարող: Համակարգիչը գրանցում է 3 համար, որոնք էկրանին երեւում են առավոտյան 6:02 րոպեին»:
Գագիկ Սարգսյանի նախաձեռնությունը անձնական նկատառումներով է, արդյունքը, սակայն, գնահատվում է նույնիսկ պետականորեն կարեւոր: Մասնագիտությամբ ինժեները զարմացել ու ոգեւորվել է, երբ պետեկամուտների կոմիտեից հանդիպման հրավեր է ստացել: Այժմ էլ պետեկամուտների կոմիտեից խոստանում են աջակցել այս նախաձեռնությանը, որպեսզի ավելի շատ մարդու շահելու հնարավորություն տրվի: Նախաձեռնության հեղինակները եւս պատրաստ են հնարավորության դեպքում ավելացնել շահումները:
Ի վերջո, որքա՞ն պետք է դեռ շարունակվի կտրոններով շահելու պրակտիկան:
Արմեն Ալավերդյանին խոսքով` «մինչեւ գան այն լավ ժամանակները, երբ ՀԴՄ կտրոն պահանջելը ոչ թե խթանվի արհեստական միջոցներով, այլ լինի յուրաքանչյուր քաղաքացու պարտավորությունը: Քաղաքացին ինքը ցանկանա պահանջել, եւ վերանան այն խոչընդոտները, որոնք առաջանում են քաղաքացու առջեւ»:
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Երեկ` օգոստոսի 27-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին հրավիրված էր նաև «Նոյ-Ֆիրմայի» նախագահ Գագիկ Սարգսյանը:
www.hdm.am կայքը պետականորեն ճանաչելը, ընդունելն ու գնահատելը ուրախութամբ է համակել մեր աշխատակազմին: Նման արտոնությունը, ոչ միայն պարտավորեցնում, այլև առավել բարձր պատասխանատվության ու ավելի արդյունավետ աշխատանքի է մղում:
Ներկայացնելով լրագրողներին անցած 7 ամիսներում «Շահող կտրոն» վիճակախաղի ձեռքբերումների և բացթողումների մասին` կոմիտեի նախագահի տեղակալ պարոն Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց նրանց «Նոյ-ֆիրմայի» կողմից հիմնած www.hdm.am կայքի մասին, որն իրականացնում է տվյալ օրվա հդմ կտրոնների ամենօրյա անվճար խաղարկություն: Պարոն Ալավերդյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ առանց որևէ պետական աջակցության կայքը որոշակի մասսայականություն է վայելում և գրավել է մեր համաքաղաքացիների ուշադրությունը:
Մամուլի ասուլիսը, հայաստանյան հեռուստաալիքներով և զանգվածային լրատվության այլ միջոցներով "Նոյ-ֆիրմայի" նոր www.hdm.am կայքի վերաբերյալ տեղեկատվության սփռումը հանրապետության ամբողջ տարածքում, անշուշտ, խոշոր գովազդային ակցիա էր, որի համար մեր խորին շնորհակալություն ենք հայտնում ՀՀ պետեկամուտների նախարարության և ասուլիսին մասնակցած ԶԼՄ-ների ղեկավարությանն ու ասուլիսին ներկա բոլոր լրագրողներին: Հատկանշական է, որ ասուլիսի օրվա վերջում գրանցվեց ռեկորդային ցուցանիշ` 1422 այցելու: Նրանք շրջեցին կայքի 8325 էջերում և, ամենակարևորը, գրանցեցին 1510 հդմ կտրոն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ՀԴՄ կտրոնները կշահեն նաեւ էլեկտրոնային տարբերակով
Օգոստոս 30, 2010 | 19:24